Մաստակ ծամելու սովորությամբ հայաստանցիներն ակնհայտորեն զիջում են ամերիկացիներին, որոնք ամբողջ աշխարհին հայտնի են ծամելու իրենց մոլուցքով: Եթե ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 2 մլրդ դոլար է վատնվում մաստակ գնելու համար, ապա Հայաստանում` ընդամենը 650 հազ. դոլար: Համենայնդեպս` ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010 թ. հենց այդքան է մաստակ ներկրվել: Հաստատապես կարելի է ասել, որ Հայաստանում մաստակի արտադրություն չկա, թեեւ հայկական սարի ծամոնը հայտնի է շատ վաղ ժամանակներից: Սարի ծամոնի առեւտրայնացման բոլոր փորձերը Հայաստանում ձախողվեցին, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին: Հայկական դեղատներում ներկայում կարելի է հանդիպել ռուսական արտադրության սարի ծամոնների, որոնք առաջարկվում են որպես համարյա թե դեղամիջոց:
Սակայն որքանո՞վ են ազգային վիճակագրական ծառայության տվյալները Հայաստանում մաստակի սպառման ծավալների մասին համապատասխանում իրականությանը: Յուրաքանչյուր հայ, ըստ վիճակագրության, տարեկան մոտ 20 ցենտ է ծախսում մաստակ գնելու համար, այսինքն` ավելի քիչ, քան 100 դրամ: Եթե անգամ ընդունենք, որ բնակչության ընդամենը մեկ հինգերորդ մասն է մաստակ օգտագործում` ապա միեւնույն է` այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Դրանում համոզվելու համար կարելի է մի փոքր շրջայց կատարել հանրապետության դպրոցներում, բուհերում ու կանգառներում, որտեղ անշեղորեն աճել է մաստակ ծամողների թիվը:
Նշենք, որ ներկայիս մաստակը ստանում են Կենտրոնական Ամերիկայում (նաեւ Մեքսիկայում) աճող սապոդիլլա ծառի նյութից եւ որոշ փշատերեւ ծառերի խեժի մշակումից: Իսկ շաքարի փոխարեն օգտագործվում է գլյուկոզա կամ սորբիտ, որը խոչընդոտում է կարիեսի առաջացմանը: