Ժամանակակից նկարչուհի Նատալի Այրիշը Հյուստոնի Տեխաս նահանգից նկարներ է ստեղծում բոլորովին անսովոր տեխնիկայով` «համբույրով»: Նատալին շուրթերին անհրաժեշտ գույնի շրթներկ է քսում, ապա դրանով դիպչում կտավին: Պարզ չէ, թե ինչպես է ստացվում, բայց որոշ ժամանակ անց հազարավոր կտավներ, որոնց վրա կան համբույրի հետքեր, վերածվում են մեծ, մանրակրկիտ դիմանկարների:
«YouTube»-ում հայտնված տեսահոլովակում մանրամասն ցույց է տրվում, թե ինչպես է Այրիշը շրթունքներով ստեղծում Մերլին Մոնրոյի հոյակապ դիմանկարը:
Մի անգամ Այրիշը պատրաստվում էր գնալ երեկույթի եւ շուրթերը ներկել էր վառ գույնով, իսկ դուրս մնացած ավելցուկները մաքրել էր անձեռոցիկով: Անձեռոցիկի վրա մնացած հետքերը զարմացրել էին նրան, նա հասկացել էր, որ գտել է ինչ-որ նոր բան:
«Ես սկսեցի փորձարկել եւ որոշեցի, որ Մերլին Մոնրոյի դիմանկարի համար լավագույն տեխնիկան «համբույրն» է»,- պատմել է Նատալին: Այս մասին հաղորդել է «NEWSru.com»-ն` վկայակոչելով «The Daily Mail»-ին: